ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո ՈՒկրաինան կկորցնի Ռուսաստանի հետ առևտրային արտոնությունները, նույնիսկ հնարավոր են սահմանափակումներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Այս դեպքում, ՈՒկրաինայի հետ մեր համագործակցությունը կավարտվի. Այո, մենք կշարունակենք մեր «ընկերությունը», կշարունակենք նաև առևտուր անել, բայց դա կլինի այնպիսի առևտուր, ինչպիսին մենք կանենք մեր մյուս գործընկերների հետ, առանց որևէ արտոնությունների, ընդհակառակը, հնարավոր են նույնիսկ սահմանափակումներ»,- ասել է նա:
ՈՒկրաինայի ղեկավարությունը խոստովանել է, որ պատրաստ է մասամբ զարգացնելու հարաբերությունները Մաքսային միության հետ, միայն պայմանագրի այն մասով, որը չի հակասում ԵՄ-ի ասոցացման համաձայնագրին անդամակցելուն: «Մեր գործընկերները հստակ և շատ անկեղծ արտահայտվել են, որ դա նրանք անելու են միայն մասամբ, այնքանով, որքանով Եվրոպական միությանն անդամագրվելը չի հակասի իրենց պարտավորություններին: Սա նշանակում է, որ Մաքսային միությանը միանալու որևէ հնարավորություն չի լինի», - նշել է Ռուսաստանի վարչապետը:
Հիշեցնենք, Կիևը հույս ունի ստորագրելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը` «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերին, Վիլնյուսում: Միևնույն ժամանակ ՈՒկրաինան հույս ունի ստանալու նաև դիտորդի կարգավիճակ Մաքսային միությունում, որպեսզի պահպանի գոյություն ունեցող առևտրի ծավալների շրջանառությունը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ:
Մինչդեռ Մոսկվան արդեն հայտարարել է, որ ԵՄ-ի և ՈՒկրաինայի միջև համաձայնագրի ստորագրումից հետո պետք է պաշտպանական միջոցառումներ ձեռք առնել: Ռուսաստանը վախենում է, որ այդ փաստաթղթի ստորագրումից հետո եվրոպական ավելի էժան ապրանքները ՈՒկրաինայի տարածքով կհորդեն Մաքսային միության երկրներ, ինչը մեծ վնաս կհասցնի հայրենական արտադրողին:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ